Աշխարհների պատերազմ (ռադիոբեմադրություն)
Աշխարհների պատերազմ | |
---|---|
Տեսակ | ռադիոթատրոն |
Ժանր | science fiction radio play? |
Առաջին ներկայացում | հոկտեմբերի 30, 1938 |
Տեսարան | Նյու Յորք և Նյու Ջերսի |
Շարք | The Mercury Theatre on the Air? |
The War of the Worlds (radio drama) |
Աշխարհների պատերազմը (անգլ.՝ The War of the Worlds), Հ. Ուելսի համանուն վեպի աուդիո ներկայացում, որը հեռարձակվել է CBS ալիքով 1938 թվականի հոկտեմբերի 30-ին, Օ. Ուելսի[Ն 1] գլխավորած Մերկուրի թատրոնը եթերում (Mercury Theatre on the Air) կենդանի հեռարձակվող ռադիոշարքի շրջանակներում։ Հայտնի է նրանով[1], որ ռադիոլսողներն այն ընկալել են որպես լրատվական հաղորդում, որից հետո ԱՄՆ-ի հյուսիս-արևելքի ավելի քան մեկ միլիոն բնակիչ խուճապի է մատնվել` հավատալով մարսեցիների հարձակմանը[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականի Հելոուինի նախօրեին Մերկուրի թատրոնի արտիստները որոշում են իրենց մեկ ժամանոց ռադիոհաղորդման մեջ տեղադրել Հ. Գ. Ուելսի «Աշխարհների պատերազմը» վեպը՝ գործողությունները ներկայացնելով Նյու Ջերսիում 1939 թվականին տեղի ունեցող։ Սկզբում արտիստներից մեկն ազդարարում է ռադիոներկայացման մեկնարկը, որից հետո հնչում է եղանակի տեսությունը, իսկ հետո սկսվում է «Ռամոն Ռաչելոն և նրա նվագախմբի» համերգը[Ն 2]։ Շուտով երաժշտությունն ընդհատվում է շտապ հաղորդագրությամբ, իբրև թե Մարսի վրա տարօրինակ բռնկումներ են նկատվել։ Այնուհետև իբր Փրինսթոնի հայտնի աստղագետ Ռիչարդ Փիրսոնը[Ն 3] հերքում է Մարսի վրա կյանքի հավանականությունը։
Համերգը շարունակվում է, սակայն շուտով կրկին ընդհատվում է հատուկ լրատվական թողարկումով։ CBS-ի թղթակից Կարլ Ֆիլիպսը[Ն 4] դեպքի վայրից հայտնում է, որ մետաղյա գլանաձև սարք է վայրէջք կատարել Մերսեր շրջանի Գրովերս Միլլ բնակավայրում։ Շուտով գլանից իբրև դուրս է գալիս հսկայական ռազմական մեքենա՝ ջերմային ճառագայթներով այրելով շուրջբոլորը։ Ֆիլիպսը, ինչպես և մնացած մարդիկ, փախուստի է դիմում, և կապն ընդհատվում է։ Պրոֆեսոր Փիրսոնը, ով դրանից հետո կապ է հաստատում ռադիոկայանի հետ, խոսում է մարսեցիների տեխնիկական զարգացվածության մասին, այնուհետև Նյու Ջերսիի ազգային գվարդիայի ղեկավար Մոնտգոմերի Սմիթը ռազմական դրություն է հայտարարում Մերսեր և Միդլսեքս շրջաններում և ազգային գվարդիայի չորս ստորաբաժանում ուղարկում Թրենտոնից դեպի Գրովերս Միլլ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար։
Պարզվում է, որ երկրացիների զենքերը չեն կարող դիմակայել այլմոլորակայիններին, մահաբեր մեքենաները շարունակում են վայրէջք կատարել և ոչնչացնել մարդկանց և ենթակառուցվածքները, մարդկանց բազմությունը փախչում է զավթիչներից։ Անանուն գլխավոր դատախազը դիմում է ժողովրդին[Ն 5]։ Շուտով կապ է հաստատվում մարսեցիների վրա կրակող հրետանային զորամասի թղթակցի հետ։ Պարզվում է, որ մարսեցիների վրա հարձակվել են նաև ռմբակոծիչներ, որոնք ոչնչացվել են մահվան ճառագայթներից, թեև կարողացել են կործանել այլմոլորակայինների նավերից մեկը։ Մարսեցիները թունավոր գազեր են օգտագործում, և կապը կրկին ընդհատվում է։
CBS-ի աշխատակիցը[Ն 6] բարձրանում է CBS շենքի տանիք, որտեղից իբրև տեսնում է մի քանի մարսյան մեքենաներ, որոնք անցնում են Հուդզոնը։ Նա նույնպես թունավոր գազի հոտ է զգում, ինչից հետո հեռարձակումը կրկին ընդհատվում է։ Ռադիոկապի խանգարումների միջից կապի մեջ է մտնում մի ռադիոսիրող՝ փորձելով կապ հաստատել նրանցին գոնե մեկի հետ։ Հենց այդ պահին, երբ ներկայացման մեկնարկից մոտ 40 րոպե էր անցել, հաղորդավարը հիշեցնում է նկարագրված իրադարձությունների մտացածին լինելու մասին։ Այնուհետև պրոֆեսոր Փիրսոնը նկարագրում է այլմոլորակայինների հարձակման ավարտը, որոնց կործանել էր Երկրի բակտերիաների նկատմամբ նրանց իմունիտետի բացակայությունը։
Հաղորդման վերջում Ուելսը դուրս է գալիս իր կերպարից և ունկնդիրներին շնորհավորում Հելոուինի կապակցությամբ։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերթերի տեղեկությունների համաձայն[2]՝ բեմադրությունը լսել է մոտ 6 միլիոն մարդ, և նրանց մոտ մեկ հինգերորդն այն շփոթել էր իրական լուրերի հետ[3]։ Շատերը կա՛մ չէին լսել հաղորդման սկիզբը, որտեղ զգուշացվել էր իրադարձությունների մտացածին լինելու մասին[Ն 7][Ն 8], կամ մոռացել էին դրա մասին։
Mercury Theatre on the Air ռադիոկայանն այդ ժամանակ հովանավորներ չուներ և գովազդային հոլովակներ չէր ներառում հաղորդումներում։ Իսկ «Աշխարհների պատերազմը» ռադիոներկայացման ռեզոնանսի արդյունքում պահածոյացված սուպեր արտադրող Campbell Soup ընկերությունը հետաքրքրվել է ռադիոկայանով և հաջորդ մեկուկես տարի ծրագիրը հեռարձակվել է The Campbell Playhouse անվամբ։
Հեռարձակման 40-րդ րոպեին, երբ հաղորդավարը հիշեցման կարգով կրկնել է հաղորդման մտացածին լինելու մասին, շատերն այլևս դադարել էին ռադիո լսել. ամբողջ ընտանիքներով զինվել և ապաստանել էին իրենց տների նկուղներում կամ իրերն էին շտապով հավաքում` արևմուտք մեկնելու համար, շատերը պահանջում էին, որ երկրի զինված ուժերն այլմոլորակայինների վերջը տային կամ զենք բաժանեին բոլոր նրանց, ովքեր պատրաստ էին այն կիրառել։ Որոշ տեղերում տեղի բնակիչները զինված ջոկատներ կազմած ներկայացել էին ոստիկանական բաժանմունքներ՝ պատրաստ աջակցելու երկիրը ներխուժումից պաշտպանելու հարցում։
Այդ երեկո 5 անգամ ավելի ծանրաբեռնված էին հեռախոսագծերը, գրեթե 100 կմ-անոց խցանումներ էին առաջացել Նյու Յորքում, Թրենթոնում և Ֆիլադելֆիայում։ Նյու Յորքի ոստիկանությունն ընդամենը քառորդ ժամում երկու հազարից ավելի զանգ էր ստացել, իսկ Նյու Ջերսիում մոբիլիզացվել էին Ազգային գվարդիան և մոտոհրշեջները[4]։
Հանդիսատեսի մի մասն այնքան անուշադիր էր գտնվել, որ հավատացել էր գերմանական հարձակմանը։ Մարդիկ պնդում էին, որ տեսել են այլմոլորակայինների կայծակնային համազարկեր և զգացել են նրանց թունավոր գազերի հոտը։ Ռադիոհաղորդումը լսել էին նաև ԱՄՆ արևմտյան ափին։ Կուլմինացիոն պահին Վաշինգտոնի Կոնկրետ քաղաքի էլեկտրակայանը շարքից դուրս էր եկել. Կոնկրետի բնակիչները հավատացած էին, որ հոսանքագծերը ոչնչացվել էին առաջ ընթացող մարսեցիների կողմից[5][6]։
Շուտով հանդիսատեսի վախը փոխարինվել էր CBS-ին ուղղված զայրույթով։ Նրանցից շատերը դիմել էին դատարան ոչ նյութական վնասի փոխհատուցման համար։ Դրանք բոլորն էլ մերժվել են, բայց Ուելսի պնդմամբ մի տղամարդու ֆինանսական վնասը փոխհատուցվել է, ով մարսեցներից փախչելիս փչացրել էր իր նոր կոշիկները[7]։ Ռադիոեթերից հետո մեկ ամսվա ընթացքում թերթերում հայտնվել է դրա հետ կապված շուրջ 12,5 հազար հրապարակում։ Թերթերը քննադատել են ռադիոկայաններին, ինչը մասամբ պայմանավորված էր այն մտավախությամբ, որ զանգվածային հաղորդակցության նոր ձևը կփոխարինի իրենց։
Հիտլերն «Աշխարհների պատերազմից» հետո խուճապին անդրադարձել է որպես ժողովրդավարական համակարգի անկման օրինակ[3]։ 1940 թվականի հոկտեմբերի 28-ին Օրսոն Ուելսը և Հերբերտ Ուելսը հանդես են եկել «KTSA» համեմատաբար փոքր ռադիոկայանով հեռարձակվող հաղորդման մեջ, որի ընթացքում նրանք այս թեմայով կատակել են իրենց հարցազրուցավարի հետ։
Ըստ ժամանակակից պատմաբանների, իրականում զանգվածային խուճապ չի եղել, և պատմությունն ուռճացվել է թերթերում` որպես հետաքրքիր փաստ և ռադիոկայանների (այդ ժամանակ ռադիոկայանները թերթերի լուրջ մրցակից էին դարձել) անպատասխանատվության օրինակ[8]։
«Արշխարհների պատերազմը» բեմականացման այլ ադապտացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աշխարհների պատերազմը» CBS ռադիոալիքի The Mercury Theatre on the Air ուղիղ հեռարձակման ռադիոշարքի 17-րդ դրվագն է եղել, որը հեռարձակվել է 1938 թվականի հոկտեմբերի 30-ին երեկոյան ժամը 8-ին[9] : Հ. Գ. Ուելսի բնօրինակ վեպը պատմում է Մարսի Երկիր ներխուժման մասին պատմություն։ Վեպը ռադիոյի համար հարմարեցրել է Հովարդ Քոչը, ով փոխել է վեպում նկարագրված միջավայրը` 19-րդ դարի Անգլիայից տեղափոխելով 20-րդ դարի Միացյալ Նահանգներ, իսկ առաջին մարսիական տիեզերանավի վայրէջքի կետը փոխվել է գյուղական Գրովերի Միլլ՝ հորնված գյուղ Արևմտյան Վինձորում (Մերսեր շրջան (Նյու Ջերսի))։
Օրսոն Ուելսի բեմադրությունը առաջիններից մեկն է, որը նման ռեզոնանս է առաջացրել, այլ ռադիոկայաններ փորձել են կրկնօրինակել այս էֆեկտը։ Ուստի, Փերլ Հարբորի վրա ճապոնական հարձակումից հետո որոշ ունկնդիրներ համարել են, որ ռադիոկայանները կրկին կատակ են անում[10]։
Ռադիոկայանները բազմիցս հեռարձակել են «Աշխարհների պատերազմը» բեմականացման հարամարեցումներն իրենց տարածաշրջանների համար։ Էկվադորյան վարկածն առաջացրել է խուճապ, որը հանգեցրել է մարդկային զոհերի։ 1949 թվականի փետրվարին Կիտոյի «El Comercio» թերթը գրել է քաղաքի վրայով ՉԹՕ-ներ նկատած լինելու մասին։ Մի քանի օր անց Լեոնարդո Պաեսը և Էդուարդո Ալկարեսը բեմադրել են ռադիոներկայացում տեղի ռադիոկայաններից մեկում։ Ոստիկաններն ու հրշեջները Կիտոյից մեկնել են Մարսի ենթադրյալ վայրէջքի վայր։ Երբ պարզել են, որ դա բեմականացում է, զայրացած էկվադորցիների ամբոխները հարձակվել են ռադիոկայանի և El Comercio-ի խմբագրության վրա։ Մահացել է 6 մարդ, այդ թվում՝ Պաեզի ազգականը և սիրեկանը. ինքը` Պաեզը գաղթել է Վենեսուելա[11][12]։
1988 թվականին Գրովերս Միլում ռադիոհեռարձակման հիսունամյակը նշվել է «մարսյան փառատոնով», իսկ 10 տարի անց այնտեղ կանգնեցվել է հուշարձան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ուելսն (անգլ.՝ H. G. Wells) ու Օ. Ուելսը (անգլ.՝ G. O. Welles) ոչ միայն ազգականներ չեն, այլ նաև անվանակիցներ էլ չեն. անգլերենում նրանց անուններն իրարից տարբեր են գրվում
- ↑ Իրականում նվագախումբը ղեկավարում էր Բեռնարդ Հերման ը։
- ↑ Աստղագետ Ռիչարդ Փիրսոնին հնչյունավորել է Օրսոն Ուելսը։
- ↑ CBS-ի թղթակից Կարլ Ֆիլիպսին հնչյունավորել է Ֆրանկ Ռիդիկը։
- ↑ ԱՄՆ գլխավոր դատախազին հնչյունավորել է Քենի Դելմարը։ CBS ռադիոկայանն արգելել էր նմանակել ԱՄՆ գործող նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտին, այնուամենայնիվ, Դելմարը խոսել է նմանակելով Ռուզվելտի ձայնը։
- ↑ CBS-ի աշխատակցին հնչյունավորել է Ռեյ Քոլինզը։
- ↑ Այդ ժամին ունկնդիրների մի մասն ալիքը փոխում էր, որպեսզի միանան այն կայաններին` այդ ժամի լուրերը լսելու համար։
- ↑ Այդ ժամին ունկնդիրների մի մասն ալիքը փոխում էր, որպեսզի միանան այլ կայաններին` այդ ժամի լուրերը լսելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jefferson Pooley, Michael J. Socolow (2013 թ․ հոկտեմբերի 29). «The Myth of the War of the Worlds Panic». Slate Magazine (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 2,0 2,1 «Getting it Wrong: Ten of the Greatest Misreported Stories in American Journalism» (անգլերեն). University of California Press, 2010.
- ↑ 3,0 3,1 Hand, Richard J. Terror on the Air!: Horror Radio in America, 1931–1952. — Jefferson, North Carolina: Macfarland & Company, 2006. — С. 7. — ISBN 0-786-42367-6
- ↑ «Юткевич С. И. От гражданина Кейна до сэра Джона Фальстафа, или краткая история величия и падения мистера Орсона Уэллса». rus-shake.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Radio Beat: Oct. 30, 1938 — The broadcast that scared a nation
- ↑ Андрей Гусаров Великие американцы. 100 выдающихся историй и судеб. — Litres, 2017-09-05. — 493 с. — ISBN 9785457595620
- ↑ Schroeder, Andreas Scams!. — 2nd. — Annick Press, 2005. — С. 43. — (True stories from the Edge (Իրական պատմություններ եզրից)). — ISBN 155037852X
- ↑ Марс атакует. Была ли паника после радиопостановки «Войны миров»?, republic.ru, 30 октября 2017 г.
- ↑ Houseman, John (1972). Run-Through: A Memoir. New York: Simon & Schuster. ISBN 0-671-21034-3.
- ↑ Two Top Guns Shoot Blanks
- ↑ War of the Worlds radio broadcast, Quito, Ecuador (1949) Արխիվացված 2008-05-01 Wayback Machine
- ↑ Bartholomew, Robert E. Little Green Men, Meowing Nuns and Head-Hunting Panics: A Study of Mass Psychogenic Illness and Social Delusion. — Jefferson, North Carolina: Macfarland & Company, 2001. — С. 217ff.. — ISBN 0-7864-0997-5
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Юткевич С. От гражданина Кейна до сэра Джона Фальстафа, или краткая история величия и падения мистера Орсона Уэллса // Юткевич С. Шекспир и кино. М.: Наука, 1973. С.71—113.
- Уэллс об Уэллсе / Сост., комментарий, перевод Н. Цыркун. М.: Радуга, 1990.
- Peter Noble. Orson Welles, le magnifique. Paris, Ed. Pierre Horay, 1957.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "The War of the Worlds" ռադիոբեմադրության ձայնագրությունը (հոկտեմբերի 30, 1938) The Mercury Theatre on the Air (Indiana University Bloomington)
- Իրադարձությանը նվիրված կայք (անգլ.)
- Remastered MP3 & FLAC download
- The NPR broadcast of "The War of the Worlds 50th Anniversary Production" (October 30, 1988)
- War of the Worlds Invasion: The Complete War of the Worlds Website (John Gosling)
- mp3 of King Daevid MacKenzie's Echoes of a Century Արխիվացված 2013-02-22 archive.today 2005 թվականի հաղորդումը, որը պարունակում է 1938 թվականի հոկտեմբերի 30-ի «Chase & Sanborn» և «Mercury Theatre» հեռարձակումների բաժինները, որոնք խմբագրվել են միասին այնպես, որ մոտենա այն հաջորդականությանը, որը, ենթադրաբար, առաջացրել է խուճապ։
- The War of the Worlds – A Radio Program and A Film Score Արխիվացված 2021-09-24 Wayback Machine
- Who's Out There? ՆԱՍԱ-ի ֆիլմ՝ 1938 թվականի հեռարձակման և այլմոլորակային կյանքի մեկնաբանությամբ (1975)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհների պատերազմ (ռադիոբեմադրություն)» հոդվածին։ |
|